ԱԺ–ում «կռիվ է ընկել». համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական, սա է խնդիրը

13:25 • 15.02.12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Ազգային ժողովում մեկնարկել է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու՝ խորհրդարանական ընդդիմության առաջարկի հետ կապված խորհրդարանական լսումներ, որին ներկա են Հայաստանի քաղաքական դաշտի լայն սպեկտորի ներկայացուցիչներ, այդ թվում և՝ արտախորհրդարանական ընդդիմությունից։ 

Իր ելությում «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգը միայն ծառայում է իշխանություններին:

Վերջինս նկատեց, որ չորս գումարման խորհրդարաններում ընդիմության ներկայացուցիչները մի քանիսն են եղել, և այդկերպ կրկին նպաստել են իշխանական ուժին։ Ըստ առաջարկի համահեղինակ քաղաքական ուժի ներկայացուցչի համահեղինակի դա այդպես է եղել թե այսօրվա իշխանությունների օրոք, թե նախորդների:

«Փողը բերում է իշխանություն, իսկ իշխանությունը՝ հավելյալ փող»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու ավելացրեց, որ իրենց նպատակն է հենց դրանից ազատվել: Դաշնակցական պատգամավորը որպես փաստ նշեց նաև մի քանի օր առաջ Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները և հավելեց, որ այնտեղ որոշիչ է եղել փողը:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ ցավալի է, որ նման խնդրին անդրադառնում են ընտրություններից երկու-երեք ամիս առաջ, սակայն ըստ զեկուցողի սա պարտադիր է ընդունել և նոր գնալ ընտրությունների:

«Հիմնական կեղծիքները կատարվում են մեծամասնականով, ու դա անում է մեծամասնականի թեկնածուն»- ասաց Ռ. Հակոբյանը և ավելացրեց, որ դա երկկողմանի գործարք է, իշխանությունը աչք է փակում մեծամասնականի թեկնածուի արածի վրա և վերջինս էլ հավասարապես ապահովում է իշխանական կուսակցության ձայները իսկ այնուհետև իշխանության ասածով է շարժվում առաջ:
Իր ելույթը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը սկսեց հանրահավաքային ոճով: «Հայաստանի այսօրվա աղետալի իրավիճակի պատճառը ավազակապետության և քրեաօլիգարխիկ իրավիճակն է, որն ստեղծվել է այսօր»,- ասաց Լ. Զուրաբյանն և նշեց, որ նման մի դեպքի էլ ականատես եղան Հրազդանում:

ՀԱԿ համակարգողը նշեց, որ միանգամայն ճիշտ է անցնել միայն համամասնական ընտրակարգին, քանի որ իշխանությունները հովանավորում են քրեական հեղինակություններին, և նրանց կողմից ստանում աջակցություն:
Լ. Զուրաբյանը իշխանություններին կոչ արեց գոնե մեկ անգամ հաշվի առնել ընդիմության և ժողովրդի կարծիքը և ստեղծել օրնինական ընտրական համակարգ:

Ընդիմադիր գործիչների ելույթներից հետո արդեն խոսեց կառավարության ներկայացուցիչը` ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Ընտրական համակարգի ընտրությունը շատ լուրջ ու կարևոր խնդիր է յուրաքանչյուր պետության համար»,- ասաց Դ. Հարությունյանն ու ավելացրեց,– «հանրահայտ ճշմարտություն է և այն,որ համամասնական ընտրակարգի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է քաղաքական շահերի և նախապատվությունների առավել լիարժեք ներկայացուցչություն` արտացոլելով հասարակության քաղաքական կամքը, հանդիսանալով որպես հասարակության ժողովրդավարացման կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բազմակուսակցականության կայացման և զարգացման հզոր խթան: Սակայն այդ ընտրակարգի ներուժը լիարժեք դրսևորվում է այն դեպքում, երբ ոչ թե ընտրվողից ու ընտրողից օտարվում է նրա իրավունքը, այլ ընտրողներին` քաղաքական ուժի ընտրական ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր անձի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու, այդ ճանապարհով քաղաքական ու անհատական ընտրություն կատարելու հնարավորություն է ընձեռվում: Այսինքն երբ տեղի են ունենում ընտրություններ այսպես կոչված «բաց ցուցակով»: Հիշեցնեմ, որ ներկայացված նախագիծը կառուցված է «փակ ցուցակներ» սկզբունքով»:
Դավիթ հարությունյանն այնուամենայնիվ, նկատեց, որ բաց ցուցակներն էլ ունեն մի շարք թերություններ: Առաջինը` նման ցուցակների հիման վրա արդյունքերի ամփոփումը բարդ է, իսկ բարդությունը դժվարեցնում է է վերահսկողությունը, որն էլ իր հերթին բացասական է ազդում ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության վրա:

Նախարար Հրայր Թովմասյանն էլ խնդիր է տեսնում, որ միայն համամասնականի դեպքում ԱԺ-ում կհայտնվեն փոքր կազմ ունեցող կուսակցություններ, իսկ դա արդեն կխոչնդոտի կառավարության ձևավորմանը:
Նախարար Թովմասյանը նշեց Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը, որտեղ երկու կուսակցությունների «կռիվ» է, սակայն դասական քաղաքական մոդել է:

ԲՀԿ–ական պատգամավոր Սամվել Բալասանյանն էլ, ով ի դեպ Գյումրիից ընտրվել է հենց մեծամասնական ընտրակարգով, դեմ արտահայտվեց 100 տոկոս համամասնականին անցնելու գաղափարին՝ նշելով, որ այդ դեպքում ընտրող–պատգամավոր կապը կխզվի և ԱԺ–ում ներկայացված կլինեն պատգամավորներ հիմնականում Երևանից։