Լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը

11:56 • 15.02.12

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակի առթիթով լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու ալբոմ-գիրքը:
Անի երբեմնի մայրաքաղաքին նվիրված մնացած աշխատություններից, այս մեկը տարբերվում է նրանով, որ այստեղ տեղ են գտել մի շարք շինությունների չափագրումներ, որոնք մինչ այդ չեն չափագրվել:

Այսօր՝ գրքի շնորհանդեսին գրքի հետ կապված բոլոր մանրամասները ներկայացրեց «Հայակական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» տնօրեն Սամվել Կարապետյանը, ով իր ներդրումն է ունեցել աշխատության մեջ:

«Անիի մասին ամենածավալուն աշխատությունը Թորոս Թորամանյանինն է: Բայց պարզվեց՝ եղել են շինություններ, որ այն ժամանակ չեն չափագրվել: Մենք գրքում նաև ներկայացրել ենք բոլոր կիսաքանդ եկեղեցիների այսօրվա տեսքը և թե ինչպիսին կլիներ, եթե վերականգնվեր: Գիրքը ունի նաև ներդիր, որը քաղաքի հատակագիծքն է: Քարտեզի վրա նշված են շինություններ, որոնք նախկինում երբեք չեն նշվել»,-ասաց ճարտարապետը:

«Անի»–ն կազմված է տարբեր բաժիններից և յուրաքանչյուր բաժնում առանձնացված են ճարտարապետական տարբեր կոթողներ՝ եկեղեցիներ, խաչքարեր և այլ շինություններ:

Սամվել Կարապետյանի հետ ներգրավված ճարտարապետները Անի քաղաքում ուսումնասիրության աշխատանքներ իրականացրել են ընդամենը մեկ շաբաթ: Ըստ Սամվել Կարապետյանի՝ գիրքը  նախատեսված է թե մասնագիտական է և թե հասարակ ընթերցողի համար: Գրքում զետեղվել է ավելի քան 600 լուսանկար:

«Անի» պատկերազարդ գիրքը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և ունի 900 տպաքանակ: