Ընտրացուցակները կեղծիքի սրբոցն են. Արամ Մանուկյան

15:53 • 15.02.12

«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Հրազդանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «ցուցակների մեջ է թաղվել ամեն կեղտը», իսկ ցուցակները «կեղծիքի սրբոցն են»:

«(ԿԸՀ նախագահ Տիգրան) Մուկուչյանին սպանեք էլ, նա ցուցակներ չի հրապարակելու։ Իմ մոտ են նրա երկու նամակները, որ շատ անհեթեթ են, որով նա պատասխանում է, թե ինչու ցուցակները չեն հրապարակվում»,– ասաց նա։

«Էստեղ գրված է, որ ցուցակները ըստ տեղամասերի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի անբաժան մասն են: Այսինքն՝ ցուցակները կան, որովհետև որևէ մեկը դրան հասու չէ:Այսինքն՝ միայն քեզ կարող ես տեսնել դրանցում: Ես չեմ կարող տեսնել՝ Լուսինեն կա՞, թե չկա կամ Լուսինեն՝ Հրազդանի է այսինչ ընտրողը կա՞, թե ոչ»,- ավելացրեց Մանուկյան՝ նշելով, որ սա նման է նրան, որ ասեն ՝ «խմբով գնում ենք կինո, բայց գնում ենք մեկ-մեկ», դրույթը, որը ներմուծվել է ընտրողների գաղտնիությունն ապահովելու նկատառումով:

Արամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ Հրազդանում նախորդ ընտրություններից հետո ավելացել է 3000 ընտրող:
«Չի կարող Հայաստանի բնակչությունը քչանա, Հրազդանում ընտրողներն ավելանան: Ընդ որում, Հրազդանն էդ առումով վատ վիճակում գտնվողներից է: Այսինքն՝ տեղանք, որտեղ սկզբում կար արդյունաբերություն, հիմա՝ ոչ»,- բացատրեց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ նույնպիսի քայլերով իշխանությունը գնում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Արամ Մանուկյանի խոսքվ՝ Հրազդանում ընտրողների ցուցակներն ուռճացված են եղել։

Հարցին, թե ինչու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները ՀՀՇ վարչության նախագահն ասաց, «անհնար է բողոքարկել ընտրակաշառքի զանգվածային դեպքերը» և ավելացրեց, որ «ներսում» հանձնաժողովի նախագահները հրաման ունեին որևէ խախտում չկատարել:

«Էն մարդկանց, որոնց բերում էին, դրանք օրենքի մեջ տեղավորվում են, քանի որ անգամ եթե մարդը ոչ կարող է լսել, խոսել կամ ստորագրել, նա իրավունք ունի քվեարկել: Դա չես կարող բողոքարկել, նաև այն , որ վեց ամիս առաջ իրենց ցուցակները լցրել են այլ տեղերից ընտրողներով և ամենադժվարը՝ կաշառքը»,– նշեց Մանուկյանը:

ՀՀՇ վարչության նախագահը Հրազդանի գործող և արդեն վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձանց անձամբ է «բռնացրել» տնտրողներին գումար տալու պահին, սակայն նրանք փախել են, իսկ «խեղճ ալկոհոլիկը, որի հետ նրանք սակարկել էին, մնացել է»:

Ըստ Արամ Մանուկյանի՝ ալկոհոլիկը հանձնաժողով է տարվել, նրա գրպանները դատարկվել են բոլորի ներկայությամբ, սակայն, երբ նախագահը դժվարությամբ ոստիկան է կանչել, պարզվել է, որ այդ փողը չկա: «Էդ տղեն էդ փողը կերել էր»,- ասաց բանախոսը: