Անկախության տարիները ստեղծագործ մտքի զարգացման լավագույն շրջանն են. Ս. Կարապետյան
Հայոց երբեմնի մայրաքաղաք Անին տարբերվում է իր ճարտարապետական լուծումներով ու յուրահատկությամբ հատկապես այն պատճառով, որ հիմնվել է անկախ պետականության շրջանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայակական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի» տնօրեն Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով նոր լուս տեսած «Անի» եռալեզու ալբոմ–գիրքը:
«Ճարտարապետությունը կյանքի հայելի է: Անկախ պետականության շրջանը ստեղծագործական մտքի զարգացման լավագույն շրջանն է: Մարդիկ միշտ կարողանում են հանգիստ իրենց գործը անել, զարկ տալ ստեղծագործաան մտքին: Եվ այս առումով ճարտարապետության համաշխարհային շրջանակում եթե վերցնենք, Անին հայ ճարտարապետական մտքի խտացումն ու խորացնում է, հայ ճարտարապետության խրախճանքն է: Օրինակ՝ զարմանք են պատճառում Հովվի եկեղեցու կամարները, որոնք հառնում են առանց սյան»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանն այսօր տարբերվում է իր ճարտապետական լուծումներով, քանի որ կրկին անկախ պետականություն է, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Բայց մենք ինչքանո՞վ ենք արմատին հարազատ մնալով ճարտապատություն ստեղծում: Մի բան ակնհայտ է, որ նոր շինությունների թիվը աննախադեպ է, բայց թե դա ինչքանո՞վ է ճիշտ։ Ինչքանո՞վ է ճիշտ Երևանը դարձնել քաղաք պետություն»:
Նա նաև ընդգծեց, որ այսօր կառուցվող եկեղեցիները կարելի է կառուցել ճարտարապետական նախկին գոհարների տեսքով, քանի որ միևնույնն է մինչ օրս չի հաջողվել գերազանցել հայկական ճարտարապետական նախկին շինությունների լուծումները:
«Օրինակ՝ նախընտրելի կլիներ, որ Երևանի մայր եկեղեցին լիներ Զվարթնոցի օրինակով»,-ասաց Սամվել Կարապետյանը:









