Փետրվարի 26-ին Սիրիայում հանրաքվե կանցկացվի. Ասադը հրաժարական չի տալու
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել փետրվարի 26-ին երկրում սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվե անցկացնելու մասին: Այս մասին այսօր հայտարարել է երկրի պետական հեռուստատեսությունը:
Սիրիայում մոտ մեկ տարի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ:
Ընդդիմությունը պահանջում է Ասադի հրաժարականը: Նույն պահանջով են հանդես գալիս Արաբական երկրների լիգան (ԱԵԼ) ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները` բացի Ռուսաստանից ու Չինաստանից (Ռուսաստանն ու Չինաստանը փետրվարի 4-ին կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում երկրորդ անգամ վետո են դրել Սիրիայի հարցով բանաձևին, որը, ամենից զատ, պահանջում է նախագահ Ասադի հրաժարականը):
Ի դեպ, Ռուսաստանում Սիրիայի դեսպանը twitter-ի իր էջում այսօր նշել է, որ Ասադը երբեք հրաժարական չի տա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ֆրանսիան Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայի հարցով նոր բանաձևի տեքստը, որը փետրվարի 11-ին բաժանվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի անդամներին:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր նաև հանդես է եկել Սիրիայում հումանիտար միջանցքներ ստեղծելու օգտին, և հուսով է, որ այն կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը:Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին հանդես է եկել Սիրիայում հումանիտար միջանցքներ ստեղծելու օգտին, և հուսով է, որ այն կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը:
«Կարծում եմ` Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի այս առաջարկը, որը թույլ կտա ոչ կառավարական հումանիտար կազմակերպություններին հասնել սկանդալային սպանությունների գոտի»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:









