Կիմ Չեն Իրին հետմահու շնորհվել է գեներալիսիմուսի կոչում
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրին հետմահու շնորհվել է գեներալիսիմուսի կոչում: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, նախկին առաջնորդի ծննդյան 70-ամյակի (Կիմ Չեն Իրի ծննդյան տարեդարձն այսօր է) կապակցությամբ, երեկ մայրաքաղաք Փհենյանում տեղի է ունեցել նրա 6-մետրանոց արձանի հանդիսավոր բացումը:
Սա հյուսիսկորեական առաջնորդի առաջին բրոնզաձույլ արձանն է, որտեղ նա պատկերված է ձիու վրա նստած, իսկ նրա կողքին` կրկին ձիու վրա` առաջնորդի հայր Կիմ Իր Սենը: Արձանի հանդիսավոր բացմանը մասնակցել են զինվորականներ ու քաղաքական չինովնիկներ: Սակայն առաջնորդի կրտսեր որդին ու հետնորդը` Կիմ Չեն Ընը, բացման արարողությանը ներկա չի եղել:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին գնացքում, պաշտոնական վարկածով, երկրով ճամփորդելու ժամանակ` սրտի նոպայից: Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին. 69-ամյա առաջնորդի դին ամփոփված է նրա հոր` Կիմ Իր Սենի դամբարանում (Կիմսուսանում):









