Հունաստանին ֆինանսական օգնության հատկացումը ձգձգվում է

10:26 • 15.02.12

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները հետաձգել են այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որի ժամանակ պետք է հավանություն տային Հունաստանին 130 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հատկացմանը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Եվրախմբի նախագահ և Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը հայտնել է, որ Աթենքը դեռ չի կատարել նոր տրանշը ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ըստ նրա` Հունաստանի առաջատար կուսակցությունները դեռ չեն տվել աշխատավարձերն ու կենսաթոշակները կրճատելու վերաբերյալ գրավոր խոստում: Աթենքը նաև 300 մլն եվրոյով պետք է կրճատի պետական ծախսերը:

Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ առաջին ֆինանսական փաթեթը` 110 մլրդ եվրոյի չափով, Աթենքը ոչ նպատակային է ծախսել: