ԲՀԿ–ի համամասնական ցուցակը Քոչարյանի կադրային բանկ չի դառնա. Խաչիկ Գալստյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում չեն կիսում մամուլի հրապարակումներում տեղ գտած այն տեսակետը, թե կուսակցության համամասնական ցուցակը դառնալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրային բանկ, Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
«Մենք ինքնուրույն քաղաքական ուժ ենք` համախմբված Գագիկ Ծառուկյանի շուրջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ համամասնական ցուցակում հայտնի է միայն առաջին համարը, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Մնացած տեղերը բաց են և գտնվում են քննարկման փուլում։
Ըստ մամուլի որոշ հրապարակումների, նախօրեին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրած նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը լինելու է ԲՀԿ-ի համամասնկան ցուցակի երկրորդ համարը:
Նշվում է նաև որ ԲՀԿ համամասնական ցուցակում ներգրավված է լինելու նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
«Որևիցե տեղեկություն չունեմ»,- պատասխանեց Խաչիկ Գալստյանը` պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք Վիկտոր Սողոմոնյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու մասին մամուլի հրապարակումները ճիշտ են։









