Լոնդոնում հայազգի քաղաքական գործիչ է ձերբակալվել

12:31 • 15.02.12

«Էստոնիայի եվրոպական շարժում» կազմակերպության կառավարման խորհրդի նախկին անդամ, հայազգի Աննա-Մարիա Գալոյանը, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել կազմակերպության միջոցները ոչ նպատակային ծախսելու համար, ձերբակալվել է Լոնդոնում: Այս մասին, ինչպես հաղորդում է vz.ru-ն, հայտնել է Էստոնիայի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչությունը նախորդ ուրբաթ Գալոյանին ձերբակալման միջազգային օրդեր էր ներկայացրել:

2012 թ. փետրվարի 7-ին պետք է սկսվեր նրա ազատազրկումը: Սակայն դրանից առաջ նա մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ ԶԼՄ-ների միջոցով հայտարարել է, որ իրեն հետապնդում են քաղաքական նպատակներով: Նա նաև հայտնել է, որ դատապաշտպան է վարձել և չի պատրաստվում վերադառնալ Էստոնիա:

Աննա-Մարիա Գալոյանը 2000-2007 թվականներին եղել է իշխող Բարեփոխումների կուսակցության անդամ:

2011 թվականի մայիսի 5-ին էստոնական դատարանը կազմակերպության միջոցներն անձնական նպատակներով ծախսելու ու փաստաթղթերը կեղծելու համար նրան դատապարտել էր 1 տարի 10 ամիս ազատազրկման, որից հինգ ամիսը նա պետք է անցկացներ բանտում, իսկ մնացած ժամկետը գտնվեր պայմանական ազատազրկման մեջ:

Էստոնական լրատվամիջոցները գրել են, որ Գալոյանն այդ գումարը ծախսել է շքեղ հագուստ, զարդեր գնելու վրա, վարել է շքեղ կենսակերպ, իսկ ծախսերը կոծկելու համար` կեղծել է փաստաթղթերը: Թե կոնկրետ որքան գումար է նա յուրացրել, չի հաղորդվում: