Ոստիկանության նոր ստորաբաժանման դիմորդների 30%–ը կանայք են
Ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող նոր ստորաբաժանումը կազմավորման փուլում է, և դիմորդներն անցնում են նախապատրաստական դասընթացներ: Այս մասին Tert.am-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով ստորաբաժանումում աշխատելու համար՝ դիմել է շուրջ 100 հոգի, որոնց 70 տոկոսը տղամարդիկ են, 30-ը՝ կանայք: Նրանք բոլորը բարձրագույն կրթություն ունեցող սպաներ են, տիրապետում են օտար լեզուների:
Նշենք, որ այսօրվա մամուլի համաձայն՝ քանի որ արտաքին ծառայություն իրականացնող նոր ստորաբաժանումը արտաքին ծառայություն իրականացնելու է զանգվածային միջոցառումների ժամանակ, ապա այն «կսպասարկի» նաև Հայ ազգային կոնգրեսի կողմից նախատեսված մարտի 1-ի հանրահավաքը:
Աշոտ Ահարոնյանն ի պատասխան կրկնեց, որ ստորաբաժանումը կազմավորման փուլում է, ուստիև չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը:
Նշենք, որ մամուլի մեկնաբանությունների համաձայն, կանանց՝ ոստիկանությունում ներգրավելով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կրկնում է և՛ վրացիիներին, և՛ նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, ով առաջին էր, որ կին ավտոտեսուչների ջոկեր ստեղծեց:
Ի պատասխան այս դիտարկմանը՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց.«Կանայք և աղջիկները ոստիկանությունում միշտ էլ ներգրավված են եղել, և անգամ այս ցուցանիշով որոշ եվրոպական երկրներից անցնում ենք, ուղղակի արտաքին ծառայությունում չեն եղել»:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վլադիմիր Գասպարյանը չի ընդունում նաև վրացական փորձն ընդօրինակելու վարկածը և այս կապակցությամբ ունի «թող վրացիները մեզ ընդօրինակեն» դիրքորոշում:
Աշոտ Ահարոնյանը ավելացրեց, որ նոր ստորաբաժանման դիմորդների համար նախատեսված դասընթացներն իրենց մեջ ներառում են առաջին բուժօգնություն ցուցաբերելու, քաղաքացիների հետ բանակցելու հոգեբանական և այլ հմտություններ:
Պատրաստ է նաև նրանց համազգեստը, որի վրա առկա են խորհրդանշական աղավնիներ:










