Սիրիացի զինվորականները գրոհում են Դամասկոսի կենտրոնը

13:51 • 15.02.12

Սիրիական բանակի ստորաբաժանումները, ցամաքային զորքի մարտական մեքենաների օգնությամբ, գրոհում են Դամասկոսի կենտրոնական Բարզա թաղամասը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ականատեսների, ստորաբաժանումները հսկիչ- անցագրային կետեր են տեղադրել թաղամասի հիմնական փողոցներում:

Այսօր առավոտյան Al Arabia հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիրիայի բանակը վերսկսել է նաև Հոմս քաղաքի հրետակոծությունը:

Դամասկոսի բնակիչները պատմում են, որ զինվորականներն այցելում են իրենց տներ, ստուգումներ անցկացնում` փնտրելով ընդդիմադիրների ու Սիրիական ազատ բանակի մարտիկներին:

Լրատվամիջոցների համաձայն` անկարգությունների սկզբից զինվորականները երբեք մայրաքաղաքի կենտրոնում օպերացիա չեն անցկացրել: Սիրիայում մոտ մեկ տարի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: