Վոլգոգրադի պայթյունից վնասվածքներ է ստացել 5 հայ, այդ թվում, հղի կին
Երեկ Վոլգոգրադի «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 23 մարդ է տուժել, որոնց թվում 5 հայ`Ղազարյան Սվետլաննա, Ղազարյան Հովհաննես, Աբրահամյան Արթուր, Շահբազյան Աննա և Սահակյան Ելենա: Բժիշկները պայքարում են 24-ամյա հղի կնոջ` Աննա Շահբազյանի կյանքի համար:
Պայթյունի արդյունքում Աննան ստացել է գլխի, ձեռքերի և դեմքի լուրջ այրվածքներ: Կնոջն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, նա շատ վախեցած է եղել և անդադար կրկնել է, որ վախենում է կորցնել երեխային: Նշվում է, որ երեխայի սիրտը բաբախում է և նրան կորցնելու վտանգ չկա` չնայած մոր ստացած վնասվածքներին:
Հաղորդվում է, որ Աննան ամուսնու հետ ռեստորան էր գնացել Սուրբ Վալենտինի տոնը նշելու:
Մյուս տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նախնական տվյալների համաձայն` հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Որոշ ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով նշված սրճարանը նախկինում փակվել է հակահրդեհային անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու համար, ինչը մարդկանց կյանքերի իրական սպառնալիք կարող էր լինել:









