Աբխազիան նախագահի վրա հարձակման գործում վրացական հետք չի տեսնում
Աբխազիայի իշխանությունները նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա հարձակման գործում վրացական հետք չեն հայտնաբերել: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Ժանիան` հավելելով, որ դա նախագահի դեմ ուղղված ակնհայտ հանցագործություն էր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցների, այսօր առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Աբխազիայի նախագահական շարասյան ուղղությամբ: Զոհվել են նախագահի երկու թիկնապահները: Կրակոցներից բացի, մի քանի ական է պայթեցվել:
«Սա առաջին դեպքը չէ: Իմ հիշելով` արդեն վեցերորդն է, սակայն մենք հակված չենք այս հարցում վրացական հետք տեսնել», - ասել է Ժանիան:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր իր աբխազ գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է ռուսական կողմի օգնությունը դեպքի հետաքննության գործում:
Ի դեպ, Վրաստանը կատարվածում մեղադրել է հենց Ռուսաստանին:
«Ռուսաստանն ցանկացած առումով պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվում է գրավված Աբխազիայի տարածքում», - հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան:
Նրա խոսքով` «Ռուսաստանին դուր չի գալիս, որ Աբխազիայի ներկա իշխանություններն սեփական ցանկությամբ ինչ- որ բան են անում` չենթարկվելով Մոսկվային»:
Նշենք, որ հանցագործները թաքնվել են լեռներում: Նրանց հայտնաբերելու համար ներգրավվել են նաև ուղղաթիռներ:









