Ուսխորհուրդն իրավասու չէ հայտարարություն անել համալսարանի անունից. ԵՊԼՀ ռեկտորատ
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ ոչ համալսարանը, ոչ էլ համալսարանի Ուսանողական խորհուրդը իրավասու չեն բուհի անունից հայտարարություններ անել Մարգարյանի հիվանդանոցին կից Մաշտոցի այգում ընթացող շինարարության և այգու շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, գիտակցելով վերջերս քննարկումների առիթ հանդիսացող Մաշտոցի պողոտային հարող այգու հարցի հանրային կարևորությունը, այնուամենայնիվ, տվյալ հարցի շուրջ կարծիք արտահայտելը համարում է իր իրավասություններից դուրս:
Ոչ համալսարանը, ոչ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները»,– ասվում է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ երեկ ԵՊԼՀ Ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը սատարել էր այգում շինարարություն իրականացնելու՝ Քաղաքապետարանի որոշումը և հայտարարել, թե այդ տարածքը հազիվ թե զգալի ազդեցություն ունենա քաղաքի էկոլոգիայի վրա։ ԵՊԼՀ ուսանողները, որոնք միացել էին այգու պահպանության պայքարին, հայտարարել էին, թե համաձայն չեն ՈւԽ նախագահի հետ։









