Վարչապետն առաջարկում է լրամշակել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին՝ լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ օրինագիծը, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, բուռն քննարկումների առիթ դարձավ, քանի որ այն թույլ է տալիս Զինված Ուժերն օգտագործել արտակարգ դրության ժամանակ։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով օրինագծին, ասել է, որ դրանով իշխանությունները ցանկանում են բանակն օտարել ժողովրդից:
«20 տարի մեզ հաջողվել է ձերբազատվել ամբողջատիրական համակարգից և եթե այս ընթացքում մեր ժողովրդի մոտ կա մերօրյա համակարգի պետական հաստատությունների նկատմամբ հարգանք, ապա դա մեր բանակն է, քանի որ դա ծնունդն է արցախյան ազատագրական պայքարի»,- ասել էր Սեֆիլյանը։









