Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն էլ «խորհրդարանական նավակում» երեք ուղևոր է տեսնում
Մայիսի վեցին խորհրդարանական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում մրցապայքարն ընթանում էր ընդդիմության և իշխանության միջև, ապա այս անգամ` պայքարը գնալու է երկու իշխանական կուսակցությունների`«Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայկական սոցիլոգիական ասոցիացիայի» նախագահ Գևորգ Պողոսյանը։
Պողոսյանը ասաց, որ սպասվում են լարված ընտրություններ՝ հույս հայտնելով, որ դա չի արտահայտվի ծեծկռտուքներով կամ այլ միջադեպերով:
Նրա խոսքով` այս պահին իրեն, իբրև սոցիոլոգի, պարզ է «2+1» բանաձևը, ըստ որի ԱԺ-ում ընդգրկվելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և մեկ ընդդիմադիր ուժ` ՀԱԿ–ը՝ թվարկված հերթականության կշիռների բաշխմամբ:
Սոցիոլոգի կանխատեսմամբ՝ ձայների 75%–ը բաշխվում է այս երեք քաղաքական ուժերի միջև:
Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերը ընտրողներին չեն հետաքրրում:
Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելը սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը համեմատում է այն մարտավարության հետ, որն ընդունված է ֆուտբոլում, երբ ինչպես ընդունված է. «դրսից ուժեղ խաղացող են բերում:
Գևորգ Պողոսյանը նշեց նաև, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են որպես հիմք ծառայել նախագահական ընտրությունների վերլուծությունների համար, բայց նախագահական ընտրությունները խորհրդարանականներից տարբերվում են նրանով, որ այստեղ «սյուրպրիզներ» են հնարավոր` հիմնականում նոր խաղացողների, այն է` նախագահական ընտրություններում նոր թեկնածուների տեսքով:
Հարցին, թե ինչպես է «Հայկական սոցիոլոգիական սոցիացիայի» ղեկավարը վերաբերում Ահարոն Ադիբեկյանի հարցումներին, Գևորգ Պողոսյանը արձագանքեց. «Անթույլատրելի հացեր եք տալիս»:









