Կողմերին պետք է մերձեցնեն երկու երկրների քաղհասարակությունները. Գուլիև

18:53 • 22.02.12

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները պետք է նպաստեն, որպեսզի ԼՂ հակամարտության հարցում կողմերի տեսակետները մոտենան իրար, այս մասին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հանձնաժողովի՝ Երևանում մեկնարկած արտագնա նիստին հայտարարեց ադրբեջանցի չորս պատվիրակներից Ֆարաջ Գուլիևը, ով ԽՎ-ում ներկայացնում է Ադրբեջանի «Ազգային շարժում հանուն վերածննդի» կուսակցությունը:

Ընդմիջմանն «Եվրանեսթում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ վաղը ունենալիք ելույթում կանդրադառնա այն փաստին, որ Ադրբեջանը մշտապես բացառում է իր և Հայաստանի միջև որևէ համագործակցություն, քանի դեռ ԼՂ հակամատությունը չի կարգավորվել: Սակայն կոնկրետ այսօր չի գտնում, որ պետք է արձագանքել դրան:

«Մեր սովորությունը ամեն մի ադրբեջանցու հանած ձայնին արձագանքել, ճիշտ չէ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: