Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի գործընթացը կարևոր է ԼՂ խնդրի կարգավորման համար
Շոտլանդիայում այս օրերին քննարկվում է անկախության մասին հանրաքվե անցակցնելու հարցը, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ով վերջերս է վերադարձել Շոտլանդիայից:
Բեքարյանին զարմացրել է այս հարցի քաղաքակիրթ քննարկումները հատկապես շոտլանդացիների շրաջնում, ինչպես նաև խնդրի նկատմամբ թե՛ Անգլիայի և թե՛ Շոտլանդիայի վերաբերմունքը:
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Շոտլանդիայի անկախացումը ԼՂ հարցի կարգավորման վրա, Կարեն Բեքարյանն, ասաց, որ կարևոր է ոչ այնքան արդյունքը, որքան գործընթացը:
«Տարիներ շարունակ Ադրբեջանը շոշափում էր, այն խնդիրը, (որ) Մինսկի խմբից դուրս գա Ֆրանսիան և փոխարենը մտնի Անգլիան: Վերջին շրջանում (Ադրբեջանը) չէր տալիս Մեծ Բրիտանիայի անունը, փոխարենը՝ Գերմանիայինը»,– ասաց նա:
«Հնարավոր է սա կապ ունի: Այս գործընթացում կարևոր է այն, որ ոչ մեկը չի ասում հանրաքվեն պետք է դրվի ամբողջ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում։ Ոչ ոք չի կասկածում, որ շոտլանդացիները այդ հանքվեի անցկացման իրավունքն ունեն և ոչ ոք իրար վրա թուր չի ճոճում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարցը բարձր հարթությունում է քննարկվում, և կարևորն այն է, որ քննարկումը քաղաքակիրթ մակարդակով է ընթանում։
Կարեն Բեքարյանը համոզված է, որ ԼՂ հարցի շուրջ բանակցություններից կարելի է արդյունք ակնկալել, եթե զուգահեռ բոլոր երեք կողմերի միջև կնքվի ուժի և ուժի սպառնալիքի բացառման մասին պայմագիր:
«Եթե այդ երևույթը դուրս մղվի, դիսկուրսը կդառնա քաղաքակիրթ: Բանակցությունները իրենց էության մեջ անիմաստ են դառնում, երբ զուգահեռ զոհեր են լինում»,- նշեց նա:









