Պետք է ազատվել մտքից, թե ընտրությունները կանխորոշված են. մտավորականներ

14:13 • 22.02.12

Հայ մտավարականները հայտարարություն են տարածել, որում ՀՀ քաղաքացիներին կոչ են անում ձերբազատվել այն մտքից, թե ընտրությունների ելքն արդեն որոշված է։

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը գրականագետ Ազատ Եղիազարյանի և գրող, կինոսցենարիստ Արմեն Վաթյանի հետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակեց մի քանի տասնյակ վաստակաշատ գիտնականների անունից տարածված հայտարարությունը և ինքը նույնպես ստորագրեց դրա տակ։

«Պահն է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, թույլ չտանք, որ մեզ փորձեն պարտադրել, լինի գյուղապետ, մարզպետ, օլիգարխ, քրեածին որևէ տարր, որ մեր ձայնը այս կամ այն կերպ վաճառվի»,- ասված է հայտարարոթյան տեքստում:

Ստորագրածների թվում են` ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Խոջաբեկյանը, Լենսեր Աղալովյանը, Դավիթ Սեդրակյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը, Էլմիրա Գևորգյանը և այլոք:

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը կարծում է, որ այսօրվա մտավորականությունը որպես ուժ գոյություն չունի, եթե համեմատում ենք 1988-90-ականների մտավորականության հետ։

Աղալովյանի կարծիքով՝ Գրողների միությունը, Երևանի պետական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայն այլևս այն չեն, ինչ առաջ։ Դրա համար Աղալովյանն առաջին հերթին մեղադրում է մտավորականությանը:

Ըստ գիտնականների՝ քանի որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է, կարելի է վերցնել 5000-հազարական ընտրակաշառքները կամ արտագաղթել:
Սա ըստ գիտնականների` հասարակությանը հուսալքելու փորձված եղանակ է:

«Ոչ այդ դրամները կօգնեն, ոչ Ամերիկա գնալը»,- ասաց -բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազայանը:

Գիտնականները նշում են, որ իրենք կուսակցություն չեն, հետևաբար, որպես քաղաքացի հնարավոր է, որ Մաշտոցի պուրակ չգնան, ուշ-ուշ հանդես գան հայտարարություններով: