Ջեքսոնը ցանկացել է ամուսնանալ Հյուսթոնի հետ, սակայն ամաչել է
Արևմտյան մամուլը քննարկում է հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի մասին շրջանառվող հերթական լուրը: Երգչուհու և փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ընդհանուր ընկերը` ամերիկացի պրոդյուսեր Դևիդ Գեսթը, բրիտանական The Sun-ին պատմել է, որ Ջեքսոնը ցանկացել է ամուսնանալ Ուիթնիի հետ, սակայն համեստության պատճառով ամաչել է նման առաջարկություն անել:
Պրոդյուսերի խոսքով` Ուիթնին ու Մայքլը համբուրվել են, ինչի մասին իրեն պատմել է հենց Ջեքսոնը: Ուիթնին էլ խոստովանել է իրեն, որ իր կյանքում եղել է ժամանակահատված, երբ նա սիրահարված է եղել Ջեքսոնին:
Գեսթի կարծիքով` եթե զույգը միասին լիներ, Ուիթնին դժվար թե թմրանյութերից կախվածություն ձեռք բերեր:
«Երբ մենք հանդիպեցինք անցած տարի Կոպենհագենում անցկացված համերգի ժամանակ, դա ամենատխուր տեսարանն էր, որը ես երբևէ տեսել էի: Նա ուղղակի չէր կարողանում ճիշտ երգել: Արցունքները խեղդում էին ինձ, որ բոլոր ժամանակների մեծագույն վոկալիստուհին այսպիսի ցածր մակարդակով ելույթ է ունենում», - պատմել է նա բրիտանական պարբերականին:
Աստղերի մտերմիկ հարաբերությունների մասին խոսվում է նաև «Մայքլ Ջեքսոն. սրբության կյանքը» գրքում:
Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին, 48 տարեկանում: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, հայրենի Նյու Ջերսի նահանգում: Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում:









