Մոսկվայում հայ և ադրբեջանցի մտավորականների միջև հանդիպում է տեղի ունենում
Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը (Ռուսաստան, Մոսկվա) տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի հանդիպումը:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանն ադրբեջանական կողմը ներկայացնում են Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քյամալ Աբդուլան, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլին և այլք:
Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, Ռուսաստանի նախագահի` մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Հայ և ադրբեջանցի մտավորականների միջև հանդիպման մասին այսօր հայտնել էր հենց Շվիդկոյը` «Ռուսական թերթ» պարբերականում հրապարակված իր հոդվածում: «Չնայած, որ դիվանագիտական շփումներում երկար ժամանակ ընդմիջումներ տեղի չէր ունեցել, բավական երկար ամենատարբեր պատճառներով` անձնականից մինչև պետական նկատառումներով թելադրված (որոնք անհասկանալի են ինձ նման հասարակ քաղաքացիների համար), չէր հաջողվում շարունակել Փոլադ Բյուլբյուլօղլուիի և Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ սկսված երկխոսությունը,- գրել էր Շվիդկոյը և հավելել, որ այսօր նրանց միջև հանդիպում է տեղի ունենալու:
Նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2006թ., այսօրվա հանդիպումն արդեն երրորդն է:









