Մաշտոցի այգում «բնապահպանական զբոսանք է»
Մաշտոցի այգում, չնայած ժամանակավոր դադարեցվել է կրպակների շինարարությունը, բնապահպանները այգին լքել չեն պատրաստվում:
Այս պահին այնտեղ ինչպես ակտիվիստներն են ասում, «բնապահպանական զբոսանք է»: Երիտասարդների մի խումբը կիթառ է նվագում, մյուս մասը նկարում է, ավելի ակտիվները բուռն քննարկում են հետագա անելիքները: Այգում երիտասարդներից բացի կան նաև ավելի տարիքով երևանցիներ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրենց ոստիկանությունը հավատացրել է, որ 7 օր շինարարություն չի արվի, ըստ նրա, դա չի նշանակում, որ հարցը վերջնական լուծում է ստացել:
«Այս հավաքները շարունակվելու են, տարբեր միջոցառումների հետ միասին, քանի որ այն նաև իրազեկման գործառույթ ունի: Մեր դիրքորոշումը հստակ է, ապամոնտաժել այս կառույցները և կրպակները տեղափոխել այլ վայր: Թե իրավաբանական հարթությունում ինչ լուծումնր կտրվի և որտեղ կտեղափոխեն կրպակները, արդեն իշխանությունների խնդիրն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թե՛ ոստիակնության, և թե՛ քաղաքապետի կողմից կողմերի միջև քննարկում հրավիրելուն, ապա ակտիվիտը նշեց. «Մենք գնացինք քաղաքապետարան և քաղաքապետը չընդունեց մեզ, նշանակում է կլոր-սեղան տարբերակը դուրս է գալիս օրակարգից: Եթե որևէ մի քաղաքական գործիչ կամ շահագրգիռ կողմ ցանկություն ունի կարծիք հայտնել, ապա կարող է գալ այստեղ, քանի որ այստեղ արդեն քաղաքացիական ամբիոն է ձևավորվել»,- ասաց նա:
Սակայն նա չժխտեց, որ հետագայում քննարկումների գուցեև բնապահպանները մասնակցեն, ողղակի այլ ձևերով: «Շատերն այն կարծիքն ունեն, որ շինարարությունը վերջնական փուլում է , սակայն դժվար չի, ինչպես կառուցել են, այնպես էլ կքանդեն»,- ասաց նա:









