Քանի դեռ ՀՀԿ-ն անհաղորդ է մնում, նման իրավիճակներ միշտ լինելու են. Ս. Սաֆարյան
Խորհրադարանական դիվանագիտությունը նրա համար է, որ կանխվեն տարբեր Խորհրդարանական վեհաժողովների կամ ատյանների կողմից ոչ հայանպաստ հայտարարություններ անելու փորձերը: Եվ եթե իշխող հանրապետական կուսակցությունը նախորդ տարի Գերմանիայի Բունդեսթագում ղարաբաղյան խնդիրը ներկայացրել է «նույնքան վախվորած», որքան «Ժառանգությունը» այս թեմայով լսում է Հայաստանում, ապա բնական է, որ գերմանացի պատգամավորներն էլ իրենց ազատ կզգան:
Սա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքն է վերջերս Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության և Քրիստոնեա–սոցիալական միության խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ներկայացված ոչ հայանպաստ փաստաթղթի կապակցությամբ։
Սաֆարյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ անցյալ տարի Բունդեսթագում հանդիպմանը ԱԺ նախագահը և հանրապետական Արտակ Զաքարյանը, որպես բարեկամական խմբի անդամ, միայնակ են գնացել և ընդդիմությանն այս մասին ոչինչ չի հայտնել: Եւ միայն հետո, պատահաբար միջազգային համաժողովում արտասահմանցի ինչ-որ նախարարից «ժառանգությունը» տեղեկացել է, որ նման հանդիպում է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական 5 խմբակցությունները, այդ թվում նաև՝ »Ժառանգությունը» պատրաստվում են հանդիպել և ստորագրել Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանակ խմբակցությանն ուղղվելիք դատապարտող նամակի տակ: Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի ժողովրդավարական միության մաս կազմող այս կուսակցության խմբակցության պատգամավորները պատրաստվում են Ղարաբաղի հարցով հայտարարություն տարածել, որտեղ Ղարաբաղը և հարակից տարածքները բնորոշվում են որպես գրավյալ, և որով կոչ, է արվում հայկական կողմին`վերադարձնելու այդ տարածքները:
«Նման հարցերը տուրիստական այցելությունների հարց չեն, որ ուղղակի արմունկներով հրես և թույլ չտաս, որ մյուսները մասնակցեն, իսկ երբ հայտնվես տհաճ վիճակում, ստիպված լինես դիմել բոլորին և խնդրես, որ միանան նամակին»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը՝ մի քանի ընդգանուր գծերով ներկայացնելով նաև նամակի բովանդակությունը: Դրանում ներկայացվելու է արցախյան հակամարտության նախապատմությունը, ինչպես նաև, թե «ով է Ադրբեջանը», և ով է ասանձազերծել պատերազմը, ով է հրաժարվում խնդրի խաղաղ կարգավորումից, և, առհասարակ, ով է զոհը: Նաև ասվելու է, որ նման հայտարարությունները չեն կարող նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:
Մեկնաբանելով իրավիճակը՝ Ստեփան Սաֆարյանը նաև կարծիք հայտնեց, որ ինչ-որ տեղ բնական է Բունդեսթագի պատգամավորների նման գործելաոճը:
«Խորհրդարանական ուժերը պետք է հասկանան, որ սա հետևանք է Մադրիդյան առաջարկների, որոնց իրենք այդպես մեծ բավականությամբ հղումներ են կատարում, այդ թվում և՝ Լաքվիլայի և Մուսկոկի արձանագրություններին, որտեղ անուղղակի արձանագրվում է, որ մենք օկուպանտ ենք: Եվ եթե մենք ընդունելի ենք համարում մի փաստաթուղթ, որով համաձայն ենք, այսպես ասած, ինչ-ինչ պայմանների դեպքում ստորագրել, և որտեղ կոչ է արվում մեզ՝ վերադարձնել Արցախին պատկանող տարածքները, ապա գերմանացի որևէ պատգամավոր այնքան էլ սխալ չի՝ հիմք ընդունելով նման բաները»:
Ստեփան Սաֆարյանը ևս գտնում է, որ սա արվում է նաև ադրբեջանական լոբբինգի ազդեցության ներքո:
Ամփոփելով՝ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ քանի դեռ իշխող քաղաքական մեծամասնությունն անհաղորդ կմնա «Ժառանգության » դիրքորոշմանը, նաև որի թողտվությամբ է կատարվում ղարաբաղյան խնդրի էության նենգափոխումը, երբ բացահայտ ագրեսորը վերածվել է «զոհի» և միջազգային մակարդակում թատերական ներկայացում է տալիս, նման իրավիճակների հայկական կողմը միշտ բախվելու է:
Tert.am-ը այս առնչությամբ զրուցեց նաև հանրապետական Արտակ Զաքարյանի հետ, որը, սակայն, հերքեց, թե ինքը մասնակցել է Բունդեսթագի հիշյալ հանդիպմանը: «Ցավոք, չեմ մասնակցել»,-ասաց Արտակ Զաքարյանը:









