«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում

14:14 • 22.02.12

Ստամբուլի Filmmor կանանց միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաև Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքը:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 15-16-ին, Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում:

Կինոփառատոնը կանցկացվի մարտի 9-19-ը, որից հետո ֆիլմը կցուցադրվի նաև Վանում, Հաքյարըում և Չանաքքալեում: 

«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև նա փառատոնին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն չի կարող ներկա գտնվել` զբաղվածության պատճառով: Նա հույս հայտնեց, որ ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում ճնշումների չի ենթարկվի:

Ֆիլմի ծանուցման մեջ գրված է .«Մեծ մայրս մի քիչ տարօրինակ էր, ոչ ոք նրան չի սիրել, նրան երբեք չեն գրկել: Նրա ձեռքի և դեմքի վրայի կապույտ դաջվածքները սարսափազդու էին: Սատանայական նշաններ հիշեցնող այս դաջվածքները վախ էին ներշնչում: Ո՞րն էր մեծ մորս սխալը, ինչո՞ւ էր նա այդքան տարօրինակ: Ո՞վ էր այդ դաջվածքներն արել. նման հարցեր տալը սխալ էր: Մեծ մոր մասին խոսելն արգելված էր»:

Նշենք, որ վերջերս ֆիլմը ցուցադրվել է Շվեդիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղի թուրքական համայնքը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նրանք հազարավոր բողոքի նամակներ են ուղարկել հեռուստաընկերությանը: