«Ինգո Արմենիայի» գովազդային հոլովակի հակաօրինականությունը հեղինակներն անհիմն են համարում (տեսանյութ)
«Ինգո Արմենիան» գովազդող 42 վայրկյան տևողության տեսահոլովակը ընդամենը երկու օր է, որ հեռուստատեսության, այդ թվում և հանրայինի եթերում է, սակայն հասցրել է դժգոհությունների ալիք բարձրացնել և քննարկումների առիթ դառնալ սոցիալական ցանցերում:
Քնարկման առիթը գովազդային հոլովակում օգտագործված ժարգոնն է և ընդհանրապես անընդունելի վարքագիծը։ Գովազդում ուսուցչուհին երեք անգամ անգամ զգուշացնում է, որ իր սեղանին «թառած» աշակերտը իջնի սեղանի վրայից, որին ի պատասխան տղան սպառնում է իր «պապայով»: Ուսուցչուհին տղային կարգի է հարվիրում` «թարս հավածով» նրան շպրտելով ներքև, և այս «խիզախությունը» ծափողջյուններով է ընդունվում դասարանի կողմից: Իսկ ընդհանուր սցենարը ամփոփվում է այսպես. «Ասում են, ավելի հեշտ է լինել անվախ, երբ առողջությունդ ապահովագրված է «Ինգո Արմենիայում»: Ինգո Արմենիա, վճարում ենք միշտ»:
ՀՀ գովազդային խորհրդի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գովազդային հոլովակում օրենքի խախտումներն ակնհայտ են: Ըստ նրա` այստեղ երկկողմանի բռնություն կա թե՛ ուսուցչի և թե՛ աշակերտի կողմից, որը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտում է, ընդ որում` այստեղ ըստ նրա, այդ բռնությունը խրախուսվում է:
Բացի այդ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` օրենքով արգելվում է երեխայի կերպարի օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին:
«Ինգո Ամենիա» ընկերությունում հարժարվեցին պարզաբնում տալուց` խնդրելով դիմել այն գովազային գործակալությանը, որը պատրաստել է հոլովակը:
Գովազդի հեղինակ «Ստատուս հոլդինգ» գովազդային գործակալության կրեատիվ տնօրեն Ռուբեն Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում իրենց աշխատանքը գնահատեց դրական, իսկ քննադատությունները` անհիմն: «Սա խաղարկային էպիզոդ է, վերաբերվել անեկդոտին նման կերպ՝ աբսուրդ է, չեմ կարծում, որ մարդ կլինի, որ հոլովակը լուրջ ընդունի»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է օրենքի խախտմանը, ապա Ռուբեն Ծատուրյանը նշեց, որ գուցե լեզվի մասին խախտում հոլովակում եղել է, մասնավորապես «նենց և յութուբացու» բառերն օգտագործելով, սակայն ըստ նրա` այս տարբերակում այլ կերպ բնորոշել կերպարին հնարավոր չէր: «Պատկերացրեք ասեր այսինչ, դու հեռախոսով նկարում ես, որպեսզի ներբեռնես համացանցում»,- պարզաբանեց նա:
Երկրորդ տարբերակում, որ երեխայի կերպարն օգտագործվել է ապրանքը գովազդելու համար Ռուբեն Ծատուրյանը նույնպես ոչ համոզիչ համարեց, քանի որ ըստ նրա` դպրոցները արդեն 12-ամյա են, իսկ բարձր դասարանի աշակերտները` չափահաս: «Բացի այդ մենք համարում ենք, որ այս դեպքում երեխայի կերպարը բացասական է և չի դիտվում որպես գովազդ, ընդհակառակը, սրանով «Ինգոն» որպես բացասական երևույթ է ներկայացնում կերպարը»,-ասաց նա, և մեջբերեց մի ասույթ, որ իրակնության մեջ խնդիրը լուծելու ամենաարդյուավետ պայքարի ձևը այն վեր հանելն է և ծաղրելը:
Ռուբեն Ծատուրյանը ամփոփեց, որ գովազդի նման սցենար ընտրելու պատճառը եղել է նաև մտավորականների շահերը պաշտպանելը. «Ինտելիգենտ խավն ամենաանպաշտպանն է: Նա չի կարող նման մարդկանց պատասխանել, սկսում են խեղճանալ և քանի որ իր երկրում պաշտպանված չի զգում, գնում է այստեղից»:
ՀՀ գովազդային խորհուրդի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` պետք չէ կենտրոնանալ միայն այս գովազդի վրա, քանի որ նման օրենքի խախտումները համատարած են և շարունակվում են անուշադրության մատնվել համապատասխան մարմինների կողմից: Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ չկա մի մարմին, որ կոնկրետ վարչական պատասխանատվության ենթարկի նման խախտումների դեպքում: «Այս հարցում, իրավասու մարմինը ոչ թե մեկն է այլ մի քանիսը, սկսած դատախազությունից մինչև ՀՀ ռադիոյի և հեռուսատեսության ազգային հանձնաժողով, Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով»,- պարզաբանեց նա, սական հավելեց, որ կոնկրետ ռադիոյի և հեռուսատեսության ազգային հանձնաժողովի ղեկվար Գրիգոր Ամալյանի հանձնաժողովը նման դեպքերում իրավասու է նաև զրկել այդ հեռուսատեսություններին լիցենզիայից:









