ЮКОС-ի փոխնախագահ, հանգուցյալ Ալեքսանյանի սեփականությունից կալանքը չհանվեց

22:18 • 23.02.12

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է հանել ЮКОС-ի փոխնախագահ, հանգուցյալ Վասիլի Ալեքսանյանի սեփականության վրա դրված կալանքը` հաղորդում է Новая газета-ն:

Թերթի տեղեկություններով, չնայած այն բանին, որ դեռևս 2 տարի առաջ Ալեքսանյանի քրեական գործը կարճվել էր, և Մոսկվայի Սիմոնովսկի դատարանի կողմից քաղաքացիական հայցվորների պահանջները կասեցվել էին` սեփականության կալանքը դեռ առկա է:

«Օրենքի և տրամաբանության համաձայն կալանքը վաղուց պետք է հանված լիներ, քանի որ` գործը, որի հիման վրա կալանք էր կիրառվել, կարճված է», - հաղորդում է պարբերականը:

2011թ, դեկտեմբերին Սիմոնովսկի դատարանը համաձայնվել էր կալանքը հանելուն, սակայն դատախազությունը բողոքարկեց` պնդելով, ոչ կալանքը անօրինական է հանված, քանի որ ոչ բոլոր տուժողներն են տեղեկացվել այդ մասին: Ինչպես նաև, ըստ դատախազության, կալանքը պետք է ուժի մեջ մնա, հաշվի առնելով, որ Ալեքսանյանի նկատմամբ կարող են նոր քրեական գործեր հայտնվել: Այդ ժամանակ ЮКОС-ի փոխնախագահը արդեն 2 ամիս մահացած էր:

Փետրվարի 22-ին Ալեքսանյանի պաշտպանությունը դատարանում բողոքարկեց դատախազության բողոքը, սակայն Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց կալանքը հանել, գործը ուղարկելով Սիմոնովսկի դատարան` վերանայման:

Հիշեցնենք, որ 2006թ. Ալեքսանյանը կալանավորվել էր «ՅՈՒԿՕՍ–ի» գործով։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցել ՌԴ ՔՕ երկու հոդվածների հատկանիշներով՝ դրամական միջոցների լվացում և ուրիշի ունեցվածքի հափշտակում։

Դատախազության տվյալներով՝ Ալեքսանյանը հափշտակել էր ռուսական Томскнефть ընկերության ունեցվածքը, ինչպես նաև մի քանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ընկերությունների ակցիաներ։

2006թ. սեպտեմբերին Ալեքսանյանի մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել։ Անազատության մեջ գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նա գրեթե կուրացել էր, վարակվել տուբերկուլյոզով, ինչպես նաև բժիշկները նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել։ Իշխանությունները երկար ժամանակ հրաժարվում էին նրան ազատ արձակել. նա միայն 2008թ. ազատ արձակվեց՝ 50 մլն ռուբլի գրավի դիմաց։

Վասիլի Ալեքսանյանը մահացել է Մոսկվայում` 2011թ. հոկտեմբերի 3-ին, 39 տարեկան հասակում: