Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Աքչամին

19:54 • 23.02.12

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան իր գրասենյակում ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին:

Ինչպես տեղեկանում ենք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքից, թուրք պատմաբանի և Վեհափառ հայրապետի խոսակցության հիմնական թեման այսօր երեկոյան Լիբանանում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողովն է եղել (համաժողովը կազմակերպվել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից):

Հաղորդվում է, որ նրանք այնուհետ քննարկել են Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցական կալվածքներն օրինական տերերին ( Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը) վերադարձնելու նպատակով դատական գործընթաց նախաձեռնելու հնարավորությունները: 

Հավելենք, որ Աքչամը բազմիցս Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Իմ միակ երազանքն այն է, որ Թուրքիան ճանաչ իր պատմության այս մութ մնացած կողմը....: Հայոց ցեղասպանությունը իսկական Ցեղասպանություն է, այլ ոչ ջարդ, սպանություն կամ այլ բան: Ես կասեի՝ եթե 1915թ. տեղի ունեցածը Ցեղասպանություն չէ, ապա պետք է ասել, որ աշխարհում որևէ ցեղասպանություն տեղի չի ունեցել...., իրերը պետք է իրենց անուններով կոչվեն»,-իր ելույթներից մեկում հայտարարել էր Աքչամը: