Ձմռան այս շրջանում Ադրբեջանի ԶՈւ-ին զորավարժություններ պետք են. ռազմական փորձագետ

12:29 • 23.02.12

Շաբաթվա սկզբին ադրբեջանական Զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող զորավարժությունների նպատակն է նաև հոգեբանական ազդեցություն թողել հայկական կողմի վրա: Այսօր հրավիրված ասուլիսին այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը մասշտաբների կամ զորավարժությունների սցենարի մասին այդքան էլ տեղեկություններ չուներ, բացի այն հայտարարություններից, որ զորավարժությունները աննախադեպ են: Դրանով հանդերձ նա տեսակետ հայտնեց, որ ձմեռային այս ցուրտ շրջանում ադրբեջանական բանակի համար այն ձեռնտու կլինի: « Ցուրտ պայմաններում զորավարժություններ անցկացնելը ադրբեջանական կողմի համար անհրաժեշտ է, քանի որ ձմեռային եղանակներին մարտի փորձը նրանց համար վատ է ավարտվել»,- ասաց նա:

Փորձագետը քաղաքական ենթատեքստեր չի բացառում, հատկապես իրանական և սիրիական պատերզամական խոսակցությունների ֆոնին, սակայն նա այս զորավարժությունները չի դիտում որպես հայկական կողմի հետ պատերազմ սկսելու նախավարժանք. «Քանի որ այս դեպքում նրանց համար բարենպաստ ժամանակ չէ»: