Գերմանացի չինովնիկը 5.000 գրադարանային գիրք է գողացել

19:31 • 23.02.12

Գերմանիայում ձերբակալել են Հեսենի մարզի գիտության ու մշակույթի նախարարության 45-ամյա մի աշխատակցի, որը գրադարաններից գողացել է 5.000 գիտական գիրք:

Ինչպես գրում է Waldeckische Landeszeitung-ը, ոստիկանները նրան ձերբակալել են հենց գողության պահին, երբ նա փորձել է գողացված գրքերը գրադարանից դուրս բերել` դրանք տեղավորելով պայուսակի ու վերնաշապիկի գրպանների մեջ:

Ոստիկանությունը խուզարկել է նաև չինովնիկի տանը, որտեղ էլ հայտնաբերվել են մնացյալ գրքերը` տարբեր գիտական թեմաներով: Գրքերից մի քանիսը շատ արժեքավոր են: Նախնական գնահատականներով` գողացված գրքերի ընդհանուր արժեքը մի քանի միլիոն եվրո է:

Ոստիկանությունը «գրքամոլին» հարցաքննելուց հետո բաց է թողել: Թե ինչու է տղամարդը նման քայլի գնացել, չի հաղորդվում: