Բրիտանացի պատգամավորին ձերբակալել են`խորհրդարանի բարում վիճաբանության համար

12:28 • 23.02.12

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Էրիկ Ջոյսը ձերբակալվել է բարում վիճաբանություն սկսելու համար, գրում է PoliticsHome-ը:

Ընդհարումը տեղի է ունեցել ուշ երեկոյան` «Սթրեյնջերս» բարում, որը գտնվում է խորհրդարանի շենքում և բաց է միայն պատգամավորների ու նրանց հյուրերի համար:

Ականատեսների խոսքով` Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոյսը հայտարարել է, որ բարում շատ են պահպանողականները, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը: Կռվի ժամանակ տուժել են մի քանի պատգամավորներ, հիմնականում Պահպանողական կուսակցության:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է Ջոյսին, նրան կասկածում են հասարակության հանդեպ վտանգավոր ոտնձգություն կատարելու մեջ:

The Daily Mail-ի հաղորդմամբ` Ջոյսն առաջին անգամ չէ, որ օրենքի հետ խնդիրներ է ունենում: