Բրիտանուհին սխալ շրջադարձի պատճառով 19 ժամ ղեկին է անցկացրել

13:14 • 23.02.12

83-ամյա բրիտանուհին մեքենայով սխալ շրջադարձ կատարելու պատճառով 4 ժամի փոխարեն 19 ժամ է անցկացրել մեքենայում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մորին Դարվելը իր մեքենայով Լոնդոնից ուղևորվում էր Բրիստոլ` հարսանիքի մասնակցելու համար: Նա պետք է 280կմ ճանապարհ անցներ, սակայն Մորինը ստիպված է եղել 700 կմ անցել:

Սխալ շրջադարձ կատարելով, նա առնվազն երկու անգամ պտտվել է մայրաքաղաքի շուրջ, հետո կրկին սխալ շրջադարձ է կատարել` ընթանալով ոչ թե արևմուտք, այլ հարավ-արևմուտք ` դեպի Դորսեթ դքսություն, որի հեռավորությունը Լոնդոնից 170 կմ է:

Երբ մայրուղին «վերջացել է», Դարվելը շրջվել է, սակայն կրկին ընթացել սխալ ուղղությամբ: Ճանապարհի կեսին նա կանգ է առել` սուրճ խմելու և հանգստանալու: Այս անգամ նա սկսել է ճիշտ ուղղությամբ ընթանալ, սակայն սխալ մայրուղիով. հանդիպակաց գիծ դուրս գալուց հետո, մոտ 10 կմ ընթացել հակառակ ուղղությամբ: Մոտ 20 րոպե անց ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է կնոջը և վերցրել վարորդական իրավունքը:

Արդյունքում, թոշակառու կնոջ գործը հասել է դատարան և նա սիպված է եղել վճարել 100 ֆունտ տուգանք, 85 ֆունտ` դատական ծախսերի համար և 15 ամսով զրկվել է մեքենա վարելուց:

Հավելենք, որ կինը խոստովանել է, որ պատրաստվում է վաճառել մեքենան և գնել ինքնագնաց անվասայլակ: