Որտե՞ղ է Հովիկ Աբրահամյանը. բացահայտում է Գալուստ Սահակյանը
Այսօր հրավիրված ասուլիսին լրագրողները ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին` որտեղ է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Շատ ուրախ եմ, որ կարոտում եք: Առավոտից երեկո նա գտնվում է մեր շտաբում»,-պատասխանեց նա:
Այն հայտարարությունները, թե ՀՀԿ-ն բաժանվել է երկու թևի, Գալուստ Սահակյանն անհիմն համարեց: «Այ եթե մի թև էլ ինձ տայիք՝ լրիվ կհամալրվեր»,-հեգնեց նա , իսկ երբ ճշտեց, որ իրեն համարում են հենց Հովիկ Աբրահամյանի թևից, պատասխանեց. «Ես որևէ մեկի ոչ թևից կարող եմ լինել, ոչ մեջքում»:
ՀՀԿ փոխնախագահը նաև անդրադարձավ ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելու ավանդույթին և նշեց, որ այն կանխելու և պատժելու համար ԱԺ նախագահը լիազորություններ չունի: «Սա ոչ զանցանք է և ոչ հանցանք, օրենքը նման դեպքերում թույլ է տալիս ԱԺ-ին ինքնուրույն որոշել»,-ասաց նա և հստակեցրեց, որ եթե նիստը նախագահողը տեսնում է, որ նշված քվեարկությունը չի ազդում արդյունքի վրա, ապա ոչինչ չի ձեռնարկում, հակառակ դեպքում՝ դնում է կրկին քվեարկության:
Այդուհանդերձ Գալուստ Սահակյանը հավելեց, որ բոլորը քննադատում են, չմատնանշելով, որ վերջին հաշվով նման խնդիր բոլոր խմբակցությունների պատգամավորների կողմից էլ առաջանում է:









