ՊԵԿ–ը «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»–ում վերստուգումներ է անցկացնում

12:58 • 23.02.12

Հունվարի 23-ից Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերստուգումներ է սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցերում», որը կարող է տևել ոչ ուշ, քան 90 աշխատանքային օր, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը:

Վերջինս նշեց, որ ստուգման որևէ արդյունքների մասին այս պահին չի կարող խոսել, քանի որ դրանք իրենց դեռ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ-ի կողմից այս գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ: ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներն էլ տեղեկացել է, որ շուտով ՀԷՑ-ը կտուգանվի 10 միլիարդ դրամով:

Հարցին, թե ընկերությանը վերադարձվել են նախորդ ստուգման արդյունքում առգրավված համակարգիչներն ու փաստաթղթերը, ՀԷՑ-ի մամուլի քարտուղարը նշեց, որ «վաղուց» և հավելեց, որ նախորդ ստուգումների արդյունքում ընկերությունից որևէ մարդ աշխատանքից չի ազատվել:

Նշվածի կապակցությամբ ՊԵԿ լրատվության վարչությունից ոչինչ չհայտնեցին: