Սան Պաուլուի կարնավալն ավարտվել է անկարգություններով

13:59 • 23.02.12

Բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացված ավանդական կարնավալն ավարտվել է անկարգություններով: Ինչպես հաղորդում է Prensa Latina-ն, կարնավալի հաղթողների անուններն ընթերցելու ժամանակ մի տղամարդ բարձրացել է բեմ, վերցրել սեղանից քվեարկության արդյունքներով ծրարները և պատռել դրանք, ինչից հետո ներկաների միջև ծեծկռտուք է սկսվել:

Վրդովված մարդիկ շրջել են սեղաններն ու կարնավալի մասնակիցների հարթակները, իսկ Perola Negra սամբայի դպրոցի հարթակը` այրել:

Ոստիկանությանը հաջողվել է ճնշել անկարգությունները միայն մեկ ժամ անց: Մեղավորը ձերբակալվել է, նրա հետ` ևս 4 մարդ:

Չարագործը Imperio de Casa Verde սամբայի դպրոցի սան է: Նա, ինչպես շատ ներկաներ, ժյուրիի տված գնահատականները համարել է անարդար:

Կատարվածի պատճառով` Սան Պաուլուի կարնավալի հաղթողը դեռ հայտնի չէ: Այս քաղաքի կարնավալի հետ միաժամանակ ավարտվել է առավել հայտնի` Ռիո դե Ժանեյրոյի կարնավալը, որտեղ հաղթող է ճանաչվել սամբայի  Unidos da Tijuca դպրոցը: