Խոսրով Հարությունյանն առաջարկում է կրպակների հարցը լուծել փոխհատուցում տալով

16:50 • 23.02.12

Երևանի Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Մաշտոցի պուրակի շուրջ այսօր Հանրային խորհրդում կազմակերպված լսումների ժամանակ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը առաջարկեց լուծման այլ տարբերակ՝ կրպակների դիմաց փոխհատուցում տալ սեփականատերերին:

«Ժամանակին Աբովյան փողոցի այդ հատվածում կրպակներ տեղադրելու իրավունք տալով արդեն սխալ է գործել քաղաքապետարանը: Բայց այսօր ես կարծում եմ որ ավելի ձեռնտու կլիներ փոխհատուցում (տալ), քան կրպակներ կառուցել նրանց համար: Եթե հաշվարկներ անենք կտեսնենք որ փոխհատուցումը ավելի նպատահակարմար կլիներ քաղաքապետարանի համար»,- ասաց նա:

Սրան ի պատասխան հանրային լսումների մասնակից Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց, որ փոխհատուցումը շատ թանկ կլիներ քաղաքապետարանի համար:

«Բանակցել և գումարներ տալը այդքան էլ դյուրին գործ չէ, քանի որ չենք կարող ասել, թե ինչքան դրանք կգնահատվեն»,- ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նկատեց, որ այդ առաջարկն անողը՝ այսինքն ինքը, միամիտ մարդ չէ և գիտի, թե ինչ է ասում:
«Եթե հաշվարկեք ամեն ինչ ճիշտ, կտեսնեք, որ դեռ նրանք ձեզ պետք է գումար տան: Եթե նման որոշում ընդունեք, կարող է նախադեպ դառնալ նման սխալներ այլևս թույլ չտալու համար»,- ասաց նա և ավելացրեց. «Եկեք համաձայնենք որ կանաչ զոնաները պետք է զերծ պահել կրպակներից»: