Օբաման ներողություն է խնդրել Աֆղանստանում Ղուրանն այրելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, որում ներողություն է խնդրել «Բաղրամ» ամերիկյան ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների արարքի համար (վերջիններս այրել էին մուսուլմանական կրոնական գրքեր, այդ թվում` Ղուրանը):
Ինչպես հաղորդում է BBC-ն, Աֆղանստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նամակում Միացյալ Նահանգների առաջնորդը խորը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ: Օբաման խոստացել է նաև իր աֆղանցի գործընկերոջը պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը նման դեպքերի կրկնությունը բացառելու համար:
Ամերիկացիների արարքի դեմ Աֆղանստանում երրորդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները: Նանգարհար նահանգում այսօր աֆղանցի մի զինվոր միացել է ամերիկյան ռազմաբազայի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին ու կրակել ՆԱՏՕ-ի երկու զինծառայողի: Երկու զինծառայողն էլ ԱՄՆ քաղաքացիներ են: Սկսված փոխհրաձգության ժամանակ զոհեր են եղել նաև աֆղանցիների շրջանում: Իշխանությունները հաղորդել են երկու ցուցարարի մահվան մասին:
Այս արարքի համար ներողություն են խնդրել նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորակազմի հրամանատար Ջոն Ալենը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:









