Զոհված զինծառայողի մայրը պնդում է, որ ոստիկանը «ճմռթել» է իր որդու լուսանկարը (տեսանյութեր, լուսանկարներ)
Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց անցկացնողների մեջ իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկը ենթադրաբար ճմռթել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի լուսանկարը։
Լուսանկարը եղել է նրա մոր՝ Նանա Մուրադյանի ձեռքին, ով խաղաղ պայմաններում զոհված մի շարք զինծառայողների ծնողների հետ բողոքի էր եկել նախագահական նստավայրի դիմաց։
Tert.am-ի տեսախցիկը չի արձանագրել այն պահը, երբ, Նանա Մուրադյանի պնդմամբ, ոստիկանը ճմրթել է նրա զոհված որդու լուսանկարը։ Սակայն տեսանյութում երևում է, թե նա ինչպես է ոստիկանին մեղադրում այդ արարքի մեջ։
Վրդոհված ծնողները և ակցիայի մյուս մասնակիցները պահանջել են բացատրություն։ Ոստիկանը, ով չի ներկայացել, հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ Նանա Մուրադյանը «սադրում է»։
Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ավանդաբար բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց և այսօր որոշել էին ակցիան շարունակել նախագահական նստավայրի դիմաց։
Նախագահ Սերժ Սարգսյանից ակցիայի մասնակիցները պահանջում են բացահայտել խաղաղ պայմաններում զոհված, իսկ նրանց պնդմամբ՝ սպանված զինծառայողների գործերը և մեղավորներին պատժել:












