Վրաստանի ԱԳՆ-ն Պուտինի հայտարարությունն անընդունելի է համարում

12:33 • 23.02.12

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանն ու Վրաստանը բարեկամներ են, և ոչ թշնամիներ:

«Վրաստանում բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց հարազատներին Վրաստանի դեմ ագրեսիայի ժամանակ, ևս հարյուր հազարավորներ, որոնք զրկվել են իրենց տներից գրավյալ տարածքներում` Պուտինի վարած քաղաքականության արդյունքում, և դարձել փախստականներ իրենց իսկ երկրում», - նշել են վրացական արտաքին գերատեսչությունում:

Ըստ ԱԳՆ-ի` «գրավյալ տարածքներում ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, այն ամենը, ինչը կապ ունի Վրաստանի հետ»:

Երեկ Պուտինը ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի վերականգնել բարեկամական հարաբերությունները վրաց ժողովրդի հետ:

«Ես լիահույս եմ, որ մեր համար իրապես եղբայրական ժողովուրդը վերջապես կգիտակցի, որ Ռուսաստանը ոչ թե թշնամի է, այլ բարեկամ», - ասել էր Պուտինը: