Հայտնի է սիրիացի ապստամբներին զենքի մատակարարը

14:49 • 23.02.12

Սիրիացի ապստամբներին զենք է մատակարարում փախուստի մեջ գտնվող Աբու Քութեյբ կեղծանվամբ մեծահարուստ հայրենակիցը: Այդ մասին բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցում խոստովանել է ինքը` մատակարարը:

Նա համարվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդ և վերջին 19 տարին ապրում է Պարսից ծոցի երկրներից մեկում: Սիրիայում հակակառավարական հուզումներից ի վեր, նա հարևան արաբական երկրներից զենք է գնում ու ուղարկում հայրենիք:

Նրա հետ սերտորեն համագործակցել են դիլերներ Լիբանանից, Իրաքից ու Քուվեյթից, քանի որ տարածաշրջանում անկայունության պատճառով Կալաշնիկովի մեկ ինքնաձիգի արժեքը 300 դոլարից հասել է 1.500-ի:

Շաբաթներ առաջ նա իր կողմնակիցների հետ մեկնել է Լիբիա, որտեղ քաղաքացիական պատերազմից հետո մեծ քանակությամբ սպառազինություն է մնացել, որը և ձեռք են բերել սիրիացի ապստամբները: Քութեյբը հրաժարվել է նշել, թե Լիբիայում ով է իր հետ համագործացել` նշելով միայն, որ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը գործարքի հետ որևէ կապ չունի:

«Լիբիայում կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են օգնել մեզ: Նրանք ցանկանում են վրեժ լուծել Ասադից, քանի որ նա պաշտպանում էր Կադաֆիին: Նրանք լավ են հասկանում մեր իրավիճակը», - պատմել է սիրիացին: