Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Միրոսլավա Նեմցովայի հետ

17:31 • 24.02.12

Փետրվարի 23-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Միրոսլավա Նեմցովայի (Miroslava Němcová) հետ:

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ չեխ պաշտոնյան շնորհավորել է դեսպանին Չեխիայի Հանրապետությունում իր պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կդառնա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
Այնուհետև տիկին Նեմցովան նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը երկկողմ հարաբերությունների նշանակալի բաղադրիչն է: Այս առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչների պալատի նախագահը հատուկ կարևորել է երկու երկրների խորհրդարաններում տարածաշրջանայինի փոխարեն երկկողմ բարեկամական պատգամավորական խմբերի ձևավորումը, որի նախադրյալներն արդեն կան Չեխիայի օրենսդիր մարմնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-չեխական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, պայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով մանրամասն ներկայացրել է արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Տիգրան Սեյրանյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայ դիվանագետը խորհրդարանի խոսնակին տեղեկացրել է ԵՄ հետ վարվող բանակցային գործընթացների ընթացքի մասին: