ՄԱԿ–ը Քոֆի Անանին նշանակել է Սիրիայում հատուկ պատվիրակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր նախկին գործընկեր Քոֆի Անանին նշանակել է Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Բան Կի Մունի և Քոֆի Անանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նախկին գլխավոր քարտուղարը կգործադրի բոլոր ջանքերը «Սիրիայում բռնությունների դադարեցման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:
Անանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը:
Թունիսում այսօր կանցկացվի այսպես կոչված` «Սիրիայի բարեկամների խմբի» ներկայացուցիչների հանդիպումը, որի կազմում ընդգրկված են արևմտյան ու արաբական մի շարք երկրներ: Հանդիպմանը Ռուսաստանն ու Չինաստանը չեն մասնակցի:
Խմբի անդամները կողմնակից են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ ամենակոշտ բանաձևերի նախագծերին, որոնք քննարկման են ներկայացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բանաձևերը, ամենից զատ, պահանջում են նախագահի հրաժարականը:









