Որտե՞ղ ծածանենք եռագույնը, Բաքվո՞ւմ. մեր եռագույնը հիմա ծածանվում է Քելբաջարում. Արթուր Գրիգորյան
Լուսանկարը՝ Bravo.am–ի
Պաշտպանելով Բաքվում կայանալիք Եվրատեսիլի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին հայ երգիչների հայտարարությունը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը 1-ին լրատվականի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է, որ հայ երգիչները գիտակցում են, որ երգիչ լինելուց առաջ պետք է լինեն երկրի քաղաքացի:
«Մենք հաղթած ժողովուրդ ենք, մենք Բաքվում հաղթանակ ցուցադրելու կարիք չունենք»,-ասել է Արթուր Գրիգորյանը և ավելացրել,- «խոսվում է Բաքվում հաղթելու և եռագույնը ծածանելու մասին։ Որտե՞ղ ծածանենք, Բաքվո՞ւմ. մեր եռագույնը հիմա ծածանվում է Քելբաջարում, Մարտակերտում, մենք հաղթել ենք: Հիմա պետք է գնանք Բաքվում երգո՞վ հաղթենք. ծիծաղելի է»:
Երգի պետական թատրոնի ղեկավարը հավատացած է, որ մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչպես կարձագանքեն մեր հայտարարությանը եվրոպական հեռարձակողները, այլ այսօր սպանված հայ զինվորի ու շատ այլ անօրինությունների մասին, որոնք իրականացնում է Ադրբեջանը։ «Հայ զինվոր է սպանվում, մենք ինչպե՞ս կարող ենք գնալ ու երգել: Չմոռանանք, որ Եվրոպան էլ է սկսել մտածել այդ երկրում տիրող ալիևյան ռեժիմի մասին: Այսօր եվրոպական բոլոր թերթերն են գրում մտահոգության մասին, թե այդ ի՞նչ երկրում է իրականացվում մրցույթը»,- ասել է երաժիշտը:
Արթուր Գրիգորյանի համար «Եվրատեսիլը» կարևոր տոն չէ. «Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված մեր ազգի այդքան լուրջ վերաբերմունքն այդ մրցույթի հանդեպ: Մենք շատ ավելի լուրջ ենք վերաբերվում «Եվրատեսիլին», քան ինքն արժե»,- ասել է նա:
Երաժիշտը հավաստիացրել է, որ կան երգիչներ, ովքեր կարող էին մասնակցել Եվրատեսիլին, օրինակ՝ «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Նրա խոսքով՝ պատրաստ էր շատ գեղեցիկ երգ, բայց արվեստը չպետք է խառնել քաղաքականությանը. «Ես չեմ գտնում, որ «Եվրատեսիլ» հասկացողությունը դա արվեստ է, դա շոու է, դա քաղաքականություն է»,-իր համոզմունքն է հայտնել Արթուր Գրիգորյանը:









