Բելգրադն ու Պրիշտինան համաձայնության են եկել Կոսովոյի կարգավիճակի շուրջ

20:45 • 24.02.12

Կոսովոյի կարգավիճակի շուրջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև բանակցություններն ավարտվել են համաձայնությամբ, հաղորդում է BBC-ն:

Ըստ ձեռք բերված համաձայնությունների` Սերբիան չի ճանաչում Կոսովոյի ինքնիշխանությունը, սակայն ճանաչում է Բալկաններում տարածաշրջանային կազմակերպություններում հանդես գալու նրա իրավունքը:

Կողմերը պայմանավորվել են նաև վիճելի սահմանը համատեղ հսկել:

Ավելի վաղ հայտնվել էր, թե Սերբիայի և Կոսովոյի միջև սահմանային անցումներով ազատ տեղաշարժվելու մասին պայմանավորվածությունը ուժի մեջ է մտել: 2008-ին Կոսովոյի անկախության հռչակումից հետո առաջին անգամ սերբական իշխանությունները կոսովցիներին թույլ էին տվել իրենց տարածք մտնել Պրիշտինայի կառավարության կողմից տրված փաստաթղթերով:

2008-ին Կոսովոն միակողմանիորեն հայտարարեց Սերբիայից իր անկախության մասին: Բելգրադը չճանաչեց ինքնահռչակ պետությունը: Կոսովոյի հյուսիսում սերբական բնակչությունն իր հերթին դեմ է հանդես գալիս Պրիշտինայի ալբանական իշխանություններին: