Ֆիդել Կաստրոն կարող է վերադառնալ Կաթոլիկ եկեղեցի

23:37 • 24.02.12

Կուբայի հեղափոխության առաջնորդ 85-ամյա Ֆիդել Կաստրոն, Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի Կուբա նախատեսվող այցի ժամանակ, հնարավոր է կրկին անդամակցի Կաթոլիկ եկեղեցուն, որտեղ կնքվել է մանուկ հասակում: Հաղորդում է կուբայական KAI գործակալությունը, հղում կատարելով իտալական La Repubblica և La Stampa պարբերականներին:

Կաստրոյի դուստրը` Ալինա Ֆերնանդեսը, ով գործու կաթոլիկ է, լրագրողներին հայտնել է, որ իր հայրը վերջին շրջանում մոտ է Աստծուն և կրոնին: Մանուկ հասակում կնքված Ֆիդելը` Հավանայում և Սանտյագո-դե-Կուբայում ճիզվիտական դպրոցներ է հաճախել:

Սակայն, Կաստրոյին լավ ծանոթ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում նրա` Կաթոլիկ եկեղեցու հետ վերամիավորման հնարավորությանը:

Ավելի վաղ, իտալական լրատվամիջոցները հաղորդել են, որ Վատիկանի և Կուբայի դիվանագետները համատեղ աշխատում են Բենեդիկտոս 16-րդ Պապի և Ֆիդել Կաստրոյի անձնական հանդիպման կազմակերպման ուղղությամբ: