Թբիլիսիի «նետած բումերանգը» կարող է իրեն իսկ վնասել

16:14 • 24.02.12

Վրաստանի` Ստրասբուրգի դատարան ներկայացրած հայցը կարող է իր իսկ դեմ շրջվել: Վրաստանը դատարանին կոչ է անում քրեական պատասխանատվության ենթարկել ռուս զինծառայողներին` 2008 թ.-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ գործած հանցագործությունների համար:

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, վրացական կողմը, սակայն, չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել, դեռ ավելին. Ռուսաստանի Քննչական կոմիտեն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ իրենք ունեն լուրջ մեղադրանքներ Թբիլիսիի նկատմամբ` Հարավային Օսիայի բնակչության դեմ հանցագործությունների վերաբերյալ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված բողոքում վրացական իշխանությունները, առանց որևէ ապացույցի, մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը զինված հակամարտության ժամանակահատվածում Վրաստանի ու Հարավային Օսիայի տարածքում ռուս զինծառայողների կողմից իբր գործած հանցագործությունները չհետաքննելու համար: Վրացական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նա նշել է, որ «հարցաքննությունների ժամանակ որպես վկա հանդես եկող վրացի զինծառայողները, ինչպես նաև Հարավային Օսիայի խաղաղ բնակիչները, այդ թվում` էթնիկ վրացիներ, չեն կարողացել տեղեկություններ հաղորդել ռուս զինծառայողների որևիցե անօրինական գործողության վերաբերյալ»: Լրացուցիչ նյութեր ստանալու համար ՔԿ-ն Վրաստանի իրավասու մարմիններին իրավական օգնություն ստանալու 5 հարցում է ուղարկել, «սակայն դրանցից որևէ մեկն ապացույց չի ստացել»:

ՔԿ-ի կարծիքով` Վրաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ներգրավված է եղել պատերազմի ժամանակ արգելված միջոցների ու մեթոդների դիմելու և ցեղասպանության մեջ: Այս մասին ապացույցները ստացվել են 2008 թ. Հարավային Օսիայում տեղի ունեցածի դեմ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում:

Քննչական կոմիտեն մտադիր է ձեռքբերված ապացույցներն ուղարկել միջազգային քրեական արդարադատության ինստիտուտների` մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: