Հայաստանում մարդու դեմ հանցագործությունները աճել են. Գլխավոր դատախազություն
2011թ. նախորդ տարվա համեմատ Հայաստանում մոտ 7% աճած հանցագործությունների ընդհանուր թվում հանցագործություններից մոտ 2%–ով աճել են մարդու դեմ հանցագործությունները՝ կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%–ը, այս մասին այսօր հայտնի դարձավ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին, որը նվիրված էր նախորդ տարվա աշխատանքների ամփոփմանը:
Մասնավորապես աճել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս և ծանր վնաս պատճառելու և թրաֆիգինգի դեպքերը: ՀՀ-ում այս բնույթի հանցագործությունների ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են դիտավորությամբ մարդու առողջությանը վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքերը:
2011թ. մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 182 անփափաս, 679 կին, 68 օտարերկյա քաղաքացի և նախկինում դատապարտված 100 անձ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն իր զեկույցում նշեց, որ նկատվել է սպանության և սպանության փորձի դեպքերի բացահայտման աշխատանքներում որոշակի նվազում ՝ մոտ 2%-ով: Այս տարի բացահայտումները կազմել են մոտ 71.6%:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում պատկերը հետրյալն է. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրություններով՝ նախորդ տարի հայտնաբերվել է 487 իրավախախտում, հարուցվել է 111 քրեական գործ, որոնց մոտ կեսով վարչությունը ներկայացրել է 267 հայց՝ 2.215 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 815 միլիոն դրամ:









