Բելգրադում Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտի պրեմիերան դիտել է ընդամենը 12 մարդ
Անջելինա Ջոլիի առաջին` «Արյան ու մեղրի հողում» ֆիլմի պրեմիերան Բելգրադում դիտելու է եկել ընդամենը 12 մարդ: Նրանցից մի քանիսն էլ դահլիճը լքել է կինոդիտման ընթացքում:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն` վկայակոչելով սերբական Mondо թերթին, կինոդիտողները պատմել են, որ «այն ամենևին էլ սիրո մասին չէր, ինչպես պատմում էր ռեժիսորը»:
«Ամոթ է, երբ ֆիլմը դիտելու է գալիս ընդամենը 12 մարդ: Սակայն այն փաստը, որ մեզանից մի քանիսը լքեցին դահլիճը մինչ 127 րոպեանոց ֆիլմի ավարտը, խոսում է այն մասին, որ ամոթ է ընդհանրապես նման ֆիլմեր նկարահանելը», - թերթի հետ զրույցում ասել է ֆիլմը դիտելու եկած տարեց մի կին:
«Արյան ու մեղրի հողում» ֆիլմը պատմում է Բոսնիա- Հերցեգովինայում քաղաքացիական պատերազմի մասին: Այն համակենտրոնացման ճամբարում պահվող Ալե անունով մուսուլմանուհու մասին է, որը սեռական բռնության է ենթարկվում ճամբարի անվտանգության սերբ աշխատակիցների կողմից: Սակայն, պարզվում է, որ նրանցից մեկը մինչ պատերազմը հանդիպել է աղջկա հետ: Կինոնկարը Բոսնիա- Հերցեգովինայում արժանացել է մի շարք քննադատությունների, այն նույնիսկ «աղբ» է որակվել:
Ինքը` Ջոլին, հերքում է իր հասցեին ուղղված քննադատությունները:
Բոսնիա-Հերցեգովինան 1992թ. հայտարարել էր Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, ինչից հետո հանրապետությունում պատերազմ սկսվեց բոսնիացի մուսուլմանների , սերբերի ու խորվաթների միջև, որը տևեց մինչև 1995թ.:










