ԱՄՆ-ի դատարանը Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին զրկեց փոխհատուցում ստանալու իրավունքից

10:58 • 24.02.12

ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդները չեն կարող գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններ և իրենց նախնիներին վաճառված ապահովագրական պոլիսների (ապահովագրական պայմանագրի հիմնական դրույթներ ապրունակող վկայագիր) համար փոխհատուցում պահանջել:

Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times պարբերականը, դատարանի որոշման մեջ նշվում է, որ միայն ԱՄՆ դաշնային կառավարությունն իրավունք ունի օտարերկրյա իրավաբանական անձանց դեմ հայցեր ներկայացնել դատարան:

Մոտ մեկ տասնամյակ առաջ` 2000թ., ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կոնգրեսը (օրենսդիր մարմինը) օրենք էր ընդունել, որը Կալիֆոռնիայի դատարաներին թույլ էր տվել քննության առնել 1875-1923թթ. Եվրոպայում և Ասիայում հայերին վաճառված ապահովագրական պոլիսների համար` ներկայում Munich Re անվամբ հայտնի գերմանական ապահովագրական ընկերության իրավանախորդ կամ դուստր ընկերություններից փոխհատուցում պահանջելու առնչությամբ հայցերը:

«Սահմանադրությունը դաշնային կառավարությանն արտաքին հարաբերություններ վարելու բացառիկ իրավունք է վերապահում: Արտաքին հարաբերությունների հայեցակարգի համաձայն`այն նահանգային օրենքները, որոնք «միջամտում են» դաշնային իրավունքին, կանխարգելվում են»,-ասված է դատարանի որոշման մեջ:

Պարբերականն ընդգծում է, որ միաձայն ընդունված որոշման մեջ ասվում է, որ նահանգային դատարաններն իրավունք չունեն որոշումներ կայացնել այն հարցերի առնչությամբ, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների վրա (նշենք, որ ԱՄՆ-ը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը) :

Այս առնչությամբ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում խստորեն դատապարտել է դատարանի վերոնշյալ  որոշումը:

«Դատարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս  Սպիտակ տան մեղսակցությունը Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը և ընդգծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատշաճ  կերպով ճանաչի մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը»,-ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Հավելենք միայն, որ սա արդեն երրորդ անգամ է, երբ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը վերոնշյալ հարցի(փոխհատուցման) առնչությամբ վճիռ է կայացնում. 2010թ. նույն դատարանը չեղյալ էր հայտարարել դրանից մեկ տարի առաջ` 2009թ.  իր իսկ կայացրած որոշումը. 2009թ. դատարանը որոշում էր կայացրել, որը բեկանում էր Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքները վերականգնելու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆոռնիայի նահանգային օրենքը: