Օբամայի «ուշքն ու միտքը» Վրաստա՞նն է

12:50 • 24.02.12

Ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվել է Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հերթական` վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին հոդվածը:

Վաալը մասնավորապես անդրադարձել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` հունվարի վերջին Միացյալ Նահանգներ կատարած այցին: Նրա խոսքով` Սաակաշվիլին իր այցն անվանել է ամերիկա- վրացական հարաբերություններում «ռազմավարական ճեղքում»:

«Սա ներելի չափազանցություն է: Հունվարի 30-ին Օբամա- Սաակաշվիլի հանդիպումը կարևոր էր առաջին հերթին նրանով, որ այն ամրագրվեց որպես կատարված փաստ: Սաակաշվիլին երկար ժամանակ ձգտում էր հանդիպել Օբամայի հետ Օվալաձև սրահում` դա խորհրդանշական ձեռքբերում համարելով, քանի որ Ջորջ Բուշի հետ նա ունեցել է երկու նման հանդիպում»,- գրել է հոդվածագիրը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահին, երբ նա «Ռուսաստան» է ասել, այնուհետև ուղղել իրեն ու ասել «Վրաստան», ըստ Վաալի, ցույց է տալիս, թե ինչ կա նրա «մտքին» իրականում:

«Օբամայի համար կարևոր է նախագահի թեկնածուի հավակնորդներ Ռոմնիի ու Գինգրիչի մեղադրանքներից պաշտպանվելու հնարավորություն ունենալը, որոնք հայտարարում են , որ նա Վրաստանին «գցել է գնացքի տակ»` Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով», - գրել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը:

Նախագահների հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերել է ռազմական համագործակցությանը:

«Այս հարցում Օբամայի վարչակարգը հայտնվեց դժվար կացության մեջ: Մի կողմից Պենտագոնը «սիրում է Վրաստանը», քանի որ այն միակ երկիրն է, որը պատրաստ է ավելի մեծ զորախումբ ուղարկել Աֆղանստան, և դա անում է այն դեպքում, երբ մյուս երկրները կրճատում են իրենց զորակազմերը, մյուս կողմից` ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան` Վրաստանին զենք չմատակարարելու համար, քանի այն կառաջացնի ռուսների զայրույթը: Վրաստանն, իր հերթին, սպասում է Վաշինգտոնի կողմից նոր հայտարարությունների` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում (ՆԱՏՕ-ի գարնանային գագաթնաժողովը կանցկացվի մայիսին, Չիկագոյում-Tert.am)»,- գրում է Վաալը:

Օրակարգի երկրորդ հարցը երկկողմ առևտրաշրջանառության մասին էր: Անցած տարի ԱՄՆ-ից Վրաստան արտահանման ծավալը կազմել է 538 մլն դոլար, իսկ վրացական արտահանման ծավալը` 176 մլն դոլար, ինչը յոթ անգամ ավելի է, քան տասը տարի առաջ էր, և 200 անգամ պակաս` ԱՄՆ-ի ու Գերմանիայի առևտրաշրջանառության համեմատ, որն ԱՄՆ առևտրային գործընկերների ցուցակում այբբենական կարգով հաջորդում է Վրաստանին: Այս հարցում գլխավոր նորությունը, որն Օբաման հայտնեց Սպիտակ տանը, «Վրաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունն է»:

«Սա կլինի մեծ քայլ Սաակաշվիլիի համար, քանի որ ներկայում ԱՄՆ-ն նման պայմանագիր չունի որևէ եվրոպական երկրի հետ», - հավելել է հոդվածագիրը:

Եվ վերջապես, այս հանդիպումը սերտորեն կապված էր Վրաստանի ներքին քաղաքականության հետ: Ըստ Վաալի` այս հարցում ևս ԱՄՆ-ն ծանր դրության մեջ է:

«Նույն ժամանակահատվածում Վաշինգտոն այցելեց ոչ միայն Սաակաշվիլին, այլև վրացական ընդդիմության երկու ներկայացուցիչ: Իսկ դա նշանակում է, որ Վրաստանում կլինեն կրկնակի ընտրություններ, մեկը` Վրաստանում, մյուսը` Վաշինգտոնում», - գրել է նա:

Վերլուծաբանը հիշեցրել է Օբամայի արտահայտությունը վրաց նախագահի հետ հանդիպումից հետո` «Վրաստանում տեղի ունենալիք իշխանության պաշտոնական փոխանցումը, իմ կարծիքով, կամրապնդի արդեն իսկ իրականացված բարեփոխումներից շատերը»:

«Սա ազդանշան էր, որ Վաշինգտոնն Սաակաշվիլիից` վարչապետի պաշտոնից հրաժարում է ակնկալում»,- գրել է Թոմաս դե Վաալը: