100 տոկոս համամասնականի հարցը արտահերթ է ճանաչվել և ԱԺ–ում կքննարկվի փետրվարի 28-ին
Ազգային Ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության՝ հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի և այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:
Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում և արտահերթ կքննարկվի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների այս նախաձեռնությունը ողջունել ու զորակցել էին մի շարք քաղաքական ուժեր և հասարակական ու քաղաքական նախաձեռնություններ:









